National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.07.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան: Հանձնաժողովի նախագահը  ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ նրանք այսօր կանգնած են անվտանգային մարտահրավերների առջեւ: «Մենք պատերազմը չենք տեսնում որպես խնդրի լուծում, խաղաղությունն է մեր օրակարգը, եւ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս հարցում»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք ասում ենք, որ հակամարտությունը դեռեւս ավարտված չէ, որովհետեւ խնդիրը լուծված չէ»,- նշել է Մարիա Կարապետյանը՝ բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների հարցը: Նրա խոսքով՝ գեղեցիկ բառերով միջազգային հանրությանն ադրբեջանական կողմից ներկայացվող իրավիճակը չի համապատասխանում իրականությանը: «Մենք ցանկանում ենք հակամարտությունը լուծել: Պատերազմն ավարտվել է, բայց խնդիրը չի լուծվել»,- ասել է պատգամավորը՝ պատվիրակության անդամների ուշադրությունն ուղղելով խոսքերի եւ գործողությունների անհամապատասխանությանը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ իրենք ցանկանում են կառուցողական ճանապարհով աջակցել հարցի լուծմանը:

Անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտային ճանապարհների բացման հնարավորություններին, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am